Մի անիվի պատմություն

Թեպետ անիվները գործածության մեջ են արդեն հազարավոր տարիներ, մեքենայի անիվների վրա ռետին հագցնելու գաղափարը համեմատաբար նոր է։ Բնական կաուչուկից պատրաստված ռետինը առաջին անգամ փայտյա և պողպատյա անիվներին հագցվեց 19–րդ դարի սկզբին։ Բայց այն արագ մաշվեց։ Ուստի թվում էր, թե ռետինե թաղանթով անիվների ապագան խոստումնալից չէ։ Եվ դա ճշմարիտ կլիներ, եթե բեմ դուրս չգար Չարլզ Գուդյիրը՝ հաստատակամ ու վճռական մի գյուտարար ԱՄՆ–ի Քոնեկտիկուտ նահանգից։

1839 թ.–ին Գուդյիրը հայտնաբերեց վուլկանացման մեթոդը. ռետինը ճնշման տակ և բարձր ջերմաստիճանում եռացվում է ծծմբի հետ, ինչի շնորհիվ անհամեմատ ավելի դյուրաթեք ու դիմացկուն է դառնում։ Ամուր ռետինից պատրաստված անվադողերը լայն տարածում գտան, սակայն դրանք կոշտացնում էին անիվների ընթացքը։

1845 թ.–ին շոտլանդացի ինժեներ Ռոբերտ Թոմփսոնը ստացավ առաջին պնևմատիկ, կամ՝ օդով լցված դողերի արտոնագիրը։ Բայց պնևմատիկ դողերը սկսեցին պահանջարկ վայելել միայն այն բանից հետո, երբ Ջոն Բոյդ Դանլոփը՝ մեկ ուրիշ շոտլանդացի, փորձեց կատարելագործել իր որդու հեծանիվի դողերը՝ հեծանիվի ընթացքը ավելի սահուն դարձնելու նպատակով։

1888 թ.–ին Դանլոփը ձեռք բերեց իր այս նոր դողերի արտոնագիրը և հիմնադրեց իր ընկերությունը։ Սակայն պնևմատիկ անվադողերի ճանապարհին դեռ մեծ փոփոխություններ էին սպասվում։

1891 թ.–ին մի ֆրանսիացի հեծանվորդ, որը չէր կարողանում փչել իր իջած անվադողը, քանի որ այն ամուր կպցրած էր անիվին, դիմեց իր ազգակիցներից մեկի՝ Էդվար Միշելենի օգնությանը։ Վերջինս հայտնի էր որպես ռետինի վուլկանացման հմուտ վարպետ։ Ինը ժամ չարչարվելուց հետո Միշելենը որոշեց ստեղծել այնպիսի պնևմատիկ դողեր, որոնք հնարավոր կլիներ հանել անիվի վրայից՝ նորոգումը հեշտացնելու նպատակով։

Միշելենի դողերը այնպիսի տարածում գտան, որ արդեն մեկ տարի անց դրանք ուրախությամբ օգտագործում էին 10 000 հեծանվորդներ։ Կարճ ժամանակ անց պնևմատիկ դողերը տեղադրվեցին փարիզյան ձիաքարշ կառքերի անիվների վրա՝ ի ուրախություն ֆրանսիացի ուղևորների։

1895 թ.–ին Էդվարն ու նրա եղբայր Անրին պնևմատիկ անվադողերը հագցրեցին սպորտային ավտոմոբիլներից մեկի անիվներին, որպեսզի ցույց տան, որ դրանք կարելի է օգտագործել նաև շարժիչով աշխատող մեքենաների համար։ Բայց հիշյալ ավտոմոբիլը ամենավերջինը հասավ վերջնագծին։ Այնուամենայնիվ, մեքենայի արտասովոր դողերն այնպես էին զարմացրել մարդկանց, որ նրանք փորձեցին կտրել և բացել դրանք՝ պարզելու համար, թե Միշելեն եղբայրները ինչ են թաքցրել այդ դողերի մեջ։

1930–ական և 1940–ական թվականներին բամբակից ու բնական կաուչուկից պատրաստված համեմատաբար նուրբ մանրաթելերին փոխարինեցին ավելի ամուր մանրաթելերը՝ վիսկոզան, նայլոնը և պոլիէսթերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախադրյալներ ստեղծվեցին այնպիսի դողերի պատրաստման համար, որոնց վրա՝ հենց անիվի մոտ, կային օդը պահող փականներ։ Ուստի այդ դողերը կամերայի կարիք այլևս չունեին։ Հետագայում անվադողերը ենթարկվեցին նաև ուրիշ դրական ձևափոխումների։

Մեր օրերում անվադողերի պատրաստման համար օգտագործվում են 200–ից ավելի նյութեր։ Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ որոշ դողեր պահպանվում են ավելի քան 130 000 կիլոմետր անցնելուց հետո։ Կան նաև այնպիսի դողեր, որոնք դիմանում են մեկ ժամում հարյուրավոր կիլոմետրեր անցնող սպորտային մեքենաների արագությանը։ Բացի այդ, հասարակ գնորդի համար դրանք ավելի մատչելի են դարձել։